ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»
12.12.2008 | 00:00

«ՔՐԻՍՏՈՍՆ ԱՊՐԵՑ, ՔԱՐՈԶԵՑ ՈՒ ԽԱՉՎԵՑ ՄԱՍՈՒՆՔԻ ՆՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ»
(սկիզբը` թիվ 54-ում)
Համայն մարդկության համար ուրիշ ի՞նչ ավելի կարևոր բան կա, քան մահվան խնդիրը: Մարդու հանճարն ամեն բարձունքի հասավ, նրա համար նույնիսկ տիեզերքի անհունն արդեն գաղտնիք չէ, և նյութի մանրագույն տարրերում թաքնված ահռելի էներգիան է իր նպատակներին ծառայեցնում, բայց ահա ամենակուլ մահվան առջև այդպես էլ ծնկած ու անզոր մնաց, որովհետև նույնիսկ մտքի հանճարներն ու զորավորներն ընկճվեցին մահվան առջև` տկարանալով հող ու փոշի դարձան: Բայց ահա մեզ նման մարմնի մեջ ապրող Մեկը հայտնվեց և համարձակաբար ասաց ի լուր աշխարհի. «ԵՍ ԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ: ՆԱ, ՈՎ ԻՆՁ ՀԱՎԱՏԱ, ԹԵՊԵՏ ԵՎ ՄԵՌՆԻ, ՊԻՏԻ ԱՊՐԻ» (Յովհ. 11:25):
Փա՜ռք Քեզ, Տեր, փա՜ռք Քեզ, այդ օրհնյալ ու մեռելներից հարություն տվող խոսքերիդ համար, որ դուրս եկավ Քո սուրբ և անսուտ շրթունքներից: Տո՛ւր, որ բոլոր հայորդիներս էլ լսենք այդ երանավետ ձայնդ, և լույս հարության օրը մենք էլ հառնենք մեռելների միջից:
Իսկ դրա համար Տերն իսկապես ամեն բան արել է մեր ազգի համար: Հիմա բացատրեմ, թե ինչ:
Աշխարհում ինչքա՞ն ազգ գիտես: Մի քանի հարյուր, ճի՞շտ է: Քանի՞ մարդ կա հիմա երկրագնդի վրա. մոտ յոթ միլիարդ, ճի՞շտ է: Եվ այդ բոլոր ազգերից, լեզուներից ու ցեղերից Տերը հաճո գտավ մեր ազգին իրավունք շնորհել առաջինը կրելու Իր սիրելի ու Միածին Որդու անունը, մկրտելով Իր ընտիր ծառա Գրիգորի ձեռքով, Իր իսկ տնկած Եդեմի դրախտի չորս գետերից մեկում` Եփրատում, և որպես երկնային նշան այդ հորդառատ գետը դադարեցրեց հոսելուց, իսկ մկրտվողների գլխավերևում ամբողջ ժամանակ լուսեղեն Խաչն էր հուրհրատում` ի նշան երկնային օրհնության և որպես տեսանելի մարգարեության կնիք, որ հայ ազգը Քրիստոսի հետ խաչի տառապանքներ պետք է կրի:
Եվ ահա Արարիչ Տերը մի գործ է սկսել մեր մեջ, ու արդեն քսան դար շարունակում է այն: Մի ազգ, որ արդեն հազարամյակից ավելի չուներ պետականություն, բայց Տերը նրան այս սուրբ Երկրում զորավորներից զորավորների հետ մեկտեղ բաժնեկից է արել: Քանզի մեր կողքին են կանգնած երբեմնի աշխարհակալ հռոմեական կայսրության ու Բյուզանդիայի հետնորդները՝ լատիններն ու ուղղափառ հույները:
Այժմ էլ դո՛ւ, սիրելի ընթերցող Հայորդի, մտովի կանգնիր սուրբ և ամենաօրհնյալ Տիրոջ Գերեզմանի առջև և համոզվիր կարդացածդ այս խոսքերի ճշմարտության մեջ:
Սկսենք շքամուտքից. ցածրիկ, կարմրավուն երանգով մարմարակերտ ու կամարաձև դուռ է: Եվ հենց մուտքի վերևում Հարության խորհուրդը կրող յուղաներկ մի սրբանկար կա. դա հայերինս է, վրան, ինչպես միշտ, գրված` «Յիշատակ ազգիս հայոց», որի առջև վառվում է տասներկու անշուք ու արծաթյա կանթեղ, իսկ մեջտեղում կարմիր ապակիով մի մեծ կանթեղ: Եվ աշխարհի բոլոր ազգերն ու ժողովուրդները մտնում են այս Սրբություն սրբոցը` առաջինը խոնարհվելով անդրանիկ քրիստոնյա հայոց ազգի լուսաշող կանթեղների առջև:
Իսկ մուտքի աջ ու ձախ կողմերում հսկայական` մի քանի մետր բարձրություն ունեցող աշտանակներ են կանգնած` ամեն կողմում վեց-վեց հատ. բաժանիր երեքի, որովհետև դրանք ընդամենը երեք ազգերի, ավելի ճիշտ` եկեղեցիների են պատկանում: Չորսը հայերինն է, չորսը` հույներինը, չորսը` լատիններինը:
Եվ որպես համեմատական թվաքանակ, ա՛յս էլ իմանանք, որ կաթոլիկ եկեղեցու քրիստոնյաների թիվը առայսօր մոտ մեկ միլիարդ է, ուղղափառ եկեղեցունը` կես միլիարդ. համեմատի՛ր և տե՛ս, թե ում կողքին ես կանգնած, և երբեմն ում հետ ես հոգևոր պատերազմի ելնում, և ում են իրենց հոգու արիությամբ դիմակայել քո նախնիները: Ուրեմն իմացի՛ր, ով ես դու, ով հայորդի եղբայրս, քույրս, ու տե՛ս ինչպիսի արմատներից ես դու սերվել, և այժմ էլ սնվում ես, և ինչպիսի ժառանգություն ունես։ Մի կողմ թող վախդ ու տրտունջներդ, ելի՛ր, կանգնի՛ր մեղքի թմբիրից և Տիրոջ անունը կանչի՛ր, որ փրկվես:
Հիմա ներս մտնենք սուրբ գերեզմանի ներքնագավիթը՝ Հրեշտակաց սրահը, մի քանի քառակուսի մետրանոց փոքրիկ մատուռ, որի մեջտեղում ցածրիկ մարմարե պատվանդանի վրա, ապակու տակ, Հիսուսի գերեզմանը փակող քարի մի բեկոր է դրված: Դա այն քարն է, որ հրեշտակը գլորեց և նստեց վրան։
Նախագավթի աջ ու ձախ կողային պատերի մեջ դեպի դուրս բացվող երկու ձվաձև օդանցքներ կան, որոնցից հարավայինը հայերինս է, իսկ հյուսիսայինը` հույներինը: Սրանք շատ կարևոր անցքեր են համարվում, որովհետև Լույսի հանման օրը դրանց միջով փոխանցում են Քրիստոսի գերեզմանից հենց նոր վառած մոմերը:
Հրեշտակի քարի հետևում մի ցածրիկ, սպիտակ մարմարակերտ դուռ կա, վերևի աջ ու ձախ կողմերում հրեշտակներ ու յուղաբեր կանայք են քանդակված, որոնք կարծես դռան պահապանները լինեն, իսկ մեջտեղում կարմրաներկ փոքրիկ խաչ կա. մենք էլ համբուրենք այդ խաչը և խոնարհվելով ներս մտնենք այն տեղը, քանզի դա՛ է մեր Տիրոջ դատարկ գերեզմանը, որտեղ տիեզերքի արարչի Որդին երեք օր անշունչ պառկած մնաց մահվան գրկում:
Բայց ընդամենը երե՛ք օր և ո՛չ ավելի, որովհետև Ինքն էր ասել` երեք օր մարդու Որդին պիտի մեռած մնա երկրի սրտում:
Մեր Տերը, որի համար ողջ տիեզերքը «նեղ» է, մինչև մահվան աստիճանի խոնարհվելով Հորը` այս փոքրիկ ու անշուք գերեզմանում պարփակվեց, բայց որտեղից առավոտյան ցայգի պես հզոր, մեղքի խավարը ցրող, մահվան չարագուշակ քողը պատռող Հարության զորությամբ «մահուամբ զմահ կոխեաց», ու Իր մահով մահը գերեվարեց, և կյանքի աղքատներիս հավիտենականի ավետիսը տվեց:
Այդ պատճառով այժմ աշխարհի բոլոր ազգերից, ցեղերից, գույներից, լեզուներից ու բարբառներից այստեղ կարող ես տեսնել, որովհետև բոլոր նրանց հոգիները մահվան խավարից դեպի հարության լույսն են ձգտում, որի անբարբառ ու լուռ վկան է մեր բոլորի տեր Հիսուս Քրիստոսի դատարկ ու սուրբ գերեզմանը:
Եկե՛ք մենք էլ մտնենք այդտեղ, սիրելի հայորդի, բայց ո՛չ որպես օտար մեկը, այլ իրավունք ունեցողի պես (որից այսօր ուզում են զրկել մեզ), որովհետև Աստված նորից կամեցել է, որ քո հայրերի լեզվով այստեղ գիր ունենանք. «Ի հիշատակ ազգիս հայոց»: Այդ գրությամբ սրբապատկերը գտնվում է Տիրոջ գերեզմանաքարի ճիշտ ոտքերի մոտ, որովհետև ով Քրիստոսի ոտքերի մոտ է, նա է ամենամոտը Տիրոջ սրտին, ինչպես որ Մարթան սպասավորում էր Հիսուսին, իսկ նրա քույր Մարիամը, Տիրոջ ոտքերի մոտ նստած, լսում էր Նրա խոսքերը, և ըստ Տիրոջ վկայության` Մարիամը լավագույնն էր ընտրել:
Այստեղ էլ, ինչպես մյուս սրբատեղերում, ամեն բան բաժանված է երեք «զորավորների» միջև: Գերեզմանի մեջտեղի մասը հույներինն է, գլխամասը` լատիններինը և, ինչպես ասացինք, «յանոտիցը»` մերը:
Սուրբ գերեզմանի վերևի կոնաձև փոքրիկ գմբեթի տակ հաջողվել է կողք կողքի տեղավորել քառասուներեք կանթեղ. տասներեքականը` նորից «երեքիս», իսկ մնացած չորսը` ղպտիներին:
Այստեղ, ինչպես Տիրամոր գերեզմանում, նեղության պատճառով, հնարավոր չէ նույնիսկ երկրպագել, բայց կարելի է ծնկի գալ, համբուրել գերեզմանը, որը պատված է սպիտակ մարմարյա երկու մեծ սալիկներով, որոնց միջև առաջացած ճեղքում, չգիտես ինչու, ժողովուրդը սիրում է իրենց մատանիներն ու զարդերը «օրհնել», բայց ընդհանրապես բոլորն իրենց հուշանվերները դնում են գերեզմանաքարի վրա և իրենց աղոթքից հետո համարում են օրհնված: Իսկ հայերս, օգտվելով մեզ Աստծո տված իրավունքներից, ամենօրյա գիշերային պատարագի ժամանակ դրանք շարում ենք Տիրոջ գերեզմանին, որի վրա, մի քիչ բարձր, փայտյա սուրբ սեղանն է ամրացվում, որտեղ և սուրբ պատարագն է մատուցվում։ Ավելի մեծ օրհնանք դժվար է պատկերացնել. ներքևից` սուրբ Տիրոջ գերեզմանը, վերևից` սուրբ պատարագի կենարար սկիհը: Իսկ հայոց եկեղեցու գիշերային պատարագի կարևորությունն անըմբռնելիության չափ մեծ է մարդկության համար: Դա բացառիկ, ես կասեի` բոլոր ժամանակներից ամենախորախորհուրդ այն պահն է, երբ մեր Տերը հարություն առավ մեռելներից: Այդ ահավոր ժամին կատարված պատարագը նման է ատոմային էլեկտրակայանի ռեակտորների ուրանային ակտիվ միջուկին, որի զորությամբ ընթացքի մեջ են դրվում Էներգիա արտադրող տուրբինները, նմանապես այս և մնացած պատարագների ահեղ խորհուրդն է զորացնում, սնում և առաջնորդում ողջ աշխարհի քրիստոնեական եկեղեցու անտեսանելի մարմինը:
Այս ամենի վրա, ինչի մասին պատմվեց, մարդկային ձեռքի արհեստավարժ կնիքը կար, բայց գերեզմանի ներսի սրահում մի գողտրիկ տեղ կա թաքնված, որը դարերի անձեռակերտ կնիքն է կրում: Այդ տեղը սովորական այցելուների համար չէ, այլ մշտական ամենօրյա աղոթողների համար, որոնք աղոթքից հետո բացում են դիմացի պատի վրա սողնակներով ամրացված Տիրամոր մի հին սրբապատկեր, ինչը որպես յուրահատուկ մի դուռ է ծառայում, որի հետևում երևում է ճիշտ այն ժայռը, որի մեջ Հովսեփ Արիմաթացին փորել է տվել այս սուրբ գերեզմանը: Ձեռքդ դնելով այդ տեղում և հոգով քսան դար հետ գնալով` կարող ես «հաղորդվել» այն սուրբ ու ահավոր պահին, երբ հարության սուրբ հոգին մահկանացուներիս համար ավետիս էր պատրաստում. «Քրիստոս Յարեա՜ւ ի մեռելոց. Օրհնեա՜լ է Յարութիւնը Քրիստոսի»:
(Շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 4204

Մեկնաբանություններ